ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԱԺ-Ն ԿՎԱՎԵՐԱՑՆԻ՞ ՀԱՅ-ԹՈւՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
«Կարծում եմ` կվավերացնի, Սահմանադրական դատարանի որոշումից հետո նրանց ոչինչ էլ չի կանգնեցնի»: Նաիրա Խաչատրյան
«Աշխարհի մեծերը շախմատ են խաղում, արդյունքում մենք ենք տուժում: Բա իհարկե, կվավերացնեն»: Սուրեն Մուկուչյան
«Չեմ կարող հստակ ասել: Շատ հնարավոր է՝ ԱԺ-ն թուրք իշխանավորների հայտարարություններից հետո որոշի տեսնել այդ չարաբաստիկ նախապայմանները»: Բագրատ Մինասյան
«Ես կարծում եմ` ճիշտ կլինի, եթե թուրքական խորհրդարանի վավերացումից հետո մենք էլ կատարենք մեր պարտավորությունները»: Անժելա Պետրոսովա
«Ինչ ուզում է, թող անեն, միևնույն է մեր անհանգստությունները երբեք էլ տեղ չեն հասել»: Ալվարդ Հովհաննիսյան
«Գիտեք, սա մեծ քաղաքականություն է, մեզնից այդքան էլ շատ բան կախված չէ, պարտադրանքների, ճնշումների միջոցով մերոնք անում են այն, ինչ ձեռնտու է Արևմուտքին, ԱՄՆ-ին»: Սերժիկ Վանյան
«Անկեղծ ասած, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում»: Լիլիա Անտոնյան
«Լավ կլիներ, նախ մեր ներքին քաղաքական հարցերը լուծեինք, այնուհետև միջազգային խնդիրներով զբաղվեինք: Մի երկրում, որտեղ այսպիսի խայտառակ ընտրություններ կարող են լինել, որտեղ նախագահը ամբողջ աշխարհի աչքում ոչ լեգիտիմ կարգավիճակ ունի, ինչպես կարող է ճիշտ կողմնորոշում ունենալ այս տեսակ բարդ հարցերում»: Մամիկոն Կարապետյան
«Ես մեծ հույսեր եմ կապում Դաշնակցության շուրջ համախմբված ուժերի հետ, թող հետևողական լինեն, գուցե կարողանան ազդել մյուսների վրա, սակայն իմ շրջապատի մարդիկ համարում են, որ ես չափից դուրս լավատես եմ»: Էվելինա Գևորգյան
«Որքան ենք սիրում լուն դարձնել փիղ: Ճիշտ է,այս հարցում պետք է զգույշ լինել, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորին պետք է թշնամի դիտել և չներել: Ես կարծում եմ` խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները հանուն մեր երկրի ապագայի»: Ասյա Կատիկյան
|