ՏՐԱԿՏՈՐԻՍՏԸ
Հայ հեռուստադիտողը քանիցս առիթներ է ունեցել բարի նախանձով նայել ՌԴ նախկին նախագահ և ներկա վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ իր աշխատանքի հետ կապ չունեցող գործողություններին: Վլադիմիր Վլադիմիրովիչը օդաչուի հանդերձանքով մեր աչքի առաջ ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել, իր սեփական ГАЗ-21 մակնիշի «Վոլգայով» անցել Մոսկվայի նորակառույց թունելով, Հեռավոր Արևելքում մասնակցել ուսուրական վագրի որսի, իսկ անասնապահական ֆերմաներից մեկում, ընդհանրապես, քիչ էր մնացել, որ մի հորթուկ համբուրեր նրան:
Մեր վարչապետը, հավանաբար, որոշել է հետ չմնալ նրանից և փորձարկել առաջին պատահած տրակտորը: Panarmenian Expo-2009 ցուցահանդեսում նստել է կապույտ գույնի տրակտորի ղեկին ու քշել:
Սիրելի ընթերցող, մի պահ նորից պիտի քեզ տանեմ ռուսական միջավայր: Երբ ռուս մարդուն, որ վարորդությունից հեռու է, հարցնում ես՝ մեքենա վարել գիտե՞ս, պատասխանում է. «Да, но до первого столба…»: Մեր վարչապետին այդ հասարակ հարցը տվող չեղավ, ու նա սլացավ առաջ՝ կապույտ տրակտորի ղեկը պտտելով: Թե ինչով ավարտվեց մեր վարչապետի այդ սլացքը, շատերն արդեն գիտեն: Լավ էր, որ տրակտորը փոքր էր, մեջը շատ մարդ չկար, և տուժողներ էլ չեղան: Ես հիմա ավելի շատ խղճում եմ այդ կապույտ տրակտորի շուրջը հավաքված լուսանկարիչներին ու օպերատորներին, ում այդպես էլ չհաջողվեց Պուտինին արժանի մի մրցակից պարգևել հայ և համաշխարհային հանրությանը: Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը: Կապույտ տրակտորը, որի մասին այնքան խոսում են, բելոռուսական ծագում ունի, իսկ Բելառուսը, գաղտնիք չէ, գյուղտեխնիկայի արտադրության մեջ մեծ հաջողությամբ մրցակցում է Ռուսաստանի հետ: Հիմա պատկերացրեք Լուկաշենկոյի դեմքը, երբ Մեդվեդևը նրան ասի՝ դա չէ՞ր ձեր տրակտորը, քիչ մնաց Հայաստանի վարչապետին անմահացներ: Բայց, ի պատիվ Տիգրան Սարգսյանի պետք է ասել, որ նա միջազգային սկանդալից խուսափելու ելքը շատ արագ գտավ: Երբ կապույտ տրակտորի վթարից հետո միջազգային դիտորդները, միջադեպից վախեցած, հարցրել էին, թե ի՞նչ եք անում, պարոն Սարգսյան, պատասխանել է՝ հեչ, ամրագոտու աշխատանքն էի ստուգում:
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |