Կարծեք թե ուզում են հեռուստաեթերը մաքրե՞լ աղտից
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ սահմանելու մասին «Հայելի» ակումբում բանավիճում էին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը և «Սեբաստիա» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ըստ Ժիրայր Դադասյանի` նոր չափորոշիչները կյանքի կկոչվեն՝ բացառելու համար «Զանգվածային լրատվական միջոցների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Լեզվի մասին» օրենքների պահանջների խախտումներն էրոտիկ, անբարո, բաց տեսարաններով ու բիրտ ուժ քարոզող առանձին ցածրարժեք ֆիլմերում, որոնք խաթարում են հայի բարոյական նկարագիրը, ավանդույթները, դարերով մշակված նրա արժեհամակարգը, մշակույթը, լեզուն, բացասաբար են ազդում երիտասարդության, հատկապես` անչափահասների դաստիարակության, նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա:
Աշոտ Բլեյանը չափորոշիչները համարեց դեկորատիվ փոփոխություններ, դիտարկում անելով, որ դրանք գործելու են ոչ օբյեկտիվորեն և հավասար չեն լինելու բոլոր հեռուստաընկերությունների համար: